ԳՅՈՒՄՐԻ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսական մշակութային օրեր» միամսյակի մեկնարկը Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայում օգոստոսի 18-ին ազդարարվեց «Բաց դռների օր» միջոցառմամբ: Գյումրիից, Ջաջուռից, Փանիկից և անգամ Երևանից ու Վանաձորից եկած հյուրերը հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու բազայի սպառազինությանը:

Զինտեխնիկան տեսնելու ու դրանց տեխնիկական հնարավորություններին ծանոթանալու եզակի հնարավորություն էին ստացել բոլոր ցանկացողները: Ինչպես միշտ, այս անգամ ևս բազայի հրամանատարությունը չէր մոռացել հրավիրել նաև Մեծ Հայրենականի գյումրեցի վետերաններին: Միջոցառմանը ներկա էին նաև Շիրակի մարզպետն ու Գյումրու փոխքաղաքապետը:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն անկեղծացավ՝ շատ հետաքրքիր է: «Քաղաքացիների մոտ այնպիսի տպավորություն է, որ 102-րդ ռազմաբազան փակ է, և կապ չկա: Պետք է այդ նեգատիվը վերանա: Ինձ համար ևս անչափ հետաքրքիր է այն տեխնիկան, որը ցուցադրված է: Ինչպես տեսնում եք՝ չկա պատնեշ. հայերն ու ռուսները միասին, ինչպես միշտ, այսօր ևս շատ լավ հարաբերությունների մեջ են Գյումրիում»,- նշեց մարզպետը: Տեխնիկան տեսնելուց հետո, բոլոր ցանկացողները նաև համտեսեցին դաշտային խոհանոցի հնդկաձավարի շիլան ու կոմպոտը: